Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իսկ դուք պատրա՞ստ եք ինտերնետային հարձակումներին

Իսկ դուք պատրա՞ստ եք ինտերնետային հարձակումներին
21.08.2009 | 00:00

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած երկիր, հատկապես պատերազմող, պետք է ունենա տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, որտեղ ամրագրված կլինեն բոլոր տեղեկատվական վտանգներն ու սպառնալիքները և դրանք հաղթահարելու միջոցները: Ընդ որում, պետք է հստակ ամրագրված լինի, թե տեղեկատվական հարձակումների դեպքում որ կառույցը պետք է ստանձնի պատասխանատվություն: 21-րդ դարում շատ կարևոր են տեղեկատվական զենքերը, քանի որ ինֆորմացիան վայրկյանների ընթացքում հասնում է աշխարհի մի ծայրից մյուսը:
Վերջին շրջանում հայաստանյան կայքերի վրա հարձակումներն աննախադեպ ծավալների են հասել ու դարձել ավելի կազմակերպված։ Արտասահմանյան հակերների հարձակումների թիրախը հատկապես պետական կառավարման մարմինների ինտերնետային էջերն են։ Բանը հասել է այնտեղ, որ հակերները կոտրել էին անգամ ՀՀ կառավարության և որոշ նախարարությունների պաշտոնական կայքերը: Մասնագետներն այսօր դժվարանում են պատասխանել, թե հարձակման հեղինակները որ երկրի ներկայացուցիչներ են եղել: Ոմանք նշում են, որ հակերները հիմնականում Ադրբեջանից ու Թուրքիայից են։ 1992 թվականից Հայաստանում ինտերնետ հասանելիության ծառայություններ առաջարկող «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանի կարծիքով՝ ադրբեջանցի և թուրք հակերներն այլ ձեռագիր ունեն։ Աշխարհում կան մեծ թվով հակերային խմբեր, որոնք պարզապես իրենց ուժերն են փորձում, կամ ցանկացել են իրենց ցուցակում ընդգրկել նաև ՀՀ պետական կայքերը: Ի դեպ, պետական կառույցների ինտերնետային էջերի անվտանգությունն ապահովում է ազգային անվտանգության ծառայությունը։
Նշենք, որ հայաստանյան կայքէջերը հակերների հարձակումներից պաշտպանելու, տեղեկատվական համակարգի անվտանգությունն ամբողջովին ապահովելու նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մշակվում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ: Ինչպես նշում է «Արմինկոյի» տեխնիկական տնօրենը, աշխարհում տեխնոլոգիաները զարգանում են, և կատարելագործվում են նաև ինտերնետային հարձակման միջոցները: Հետևաբար, խնդիրներից խուսափելու համար, պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Այդ նպատակով «Արմինկոն» օգտագործում է անվտանգությունն ապահովելու ստանդարտ միջոցներ՝ ծրագրային ապահովման թարմացում, անընդհատ մոնիտորինգ, պահուստային պահպանություն։ Հակերների հարձակումներից խուսափել հնարավոր չէ։ Դրանք անընդհատ են կատարվում, և աստիճանաբար աճում են հարձակումների քանակն ու որակը։
Ի՞նչ անել. ըստ պարոն Սաղյանի՝ առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել բոլոր այն կանոնները, որոնք անհրաժեշտ են անվտանգության ապահովման համար։ Նախ՝ պետք է բացառել լրտեսային ծրագրերը։ «Այսօր լրտեսային ծրագրերի վնասազերծմանն այնքան ուշադրություն չի դարձվում, որքան վիրուսների վնասազերծմանը։ Եթե վիրուսները խափանում են համակարգիչների աշխատանքը, ապա լրտեսային ծրագրերն ինտերնետի միջոցով ուղարկում են գաղտնաբառերը»։ «Արմինկոն» իր բոլոր բաժանորդներին նախազգուշացնում է նաև, որ ավելի երկար` 10 նիշանոց գաղտնաբառեր կիրառեն` օգտագործելով նաև թվեր ու հատուկ նշաններ: Դա հնարավորություն է տալիս բարձրացնելու համակարգի պաշտպանվածությունը: Բացի այդ, անհրաժեշտ է ունենալ և պարբերաբար վերապատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին։ «Եթե մենք մեր կայքին վերաբերվում ենք այնպես, ինչպես մեր համակարգչին, ապա ստեղծված իրավիճակը զարմանալի չէ։ Մենք համարում ենք, որ մեր համակարգիչը նույնն է, ինչ 10 տարի առաջ։ Բայց քանի որ ՏՏ ոլորտն աննախադեպ զարգացում է ապրում, համապատասխանաբար պետք է զարգանան նաև անվտանգության ապահովման միջոցները,- նշում է Գ. Սաղյանը։- Կայքի անվտանգության ապահովումը միանվագ գործառույթ չէ, այն անընդհատ գործընթաց է։ Եվ այստեղ մեծ դեր ունեն համապատասխան մասնագետները։ Հաճախ մենք կայք գրողների և կայք սպասարկողների հետ խոսում ենք տարբեր լեզուներով։ Այդ առումով, ըստ հայեցակարգի, պետական հիմնարկներում նախատեսվում է ունենալ ՏՏ մասնագետների առանձնացված ստորաբաժանում, որպեսզի այդ մասնագետները համապատասխան որակավորում ստանան։ Առանց երկկողմանի անվտանգությանն ուղղված աշխատանքների՝ այսօր անհնար է առաջ շարժվել։ Այսինքն՝ բոլոր կազմակերպություններում անհրաժեշտ է ունենալ հատուկ, բարձրակարգ մասնագետ։ Շատ դեպքերում, ֆինանսական պատճառներից ելնելով, ոչ թե հրավիրում են կայքեր ստեղծող մասնագիտացած ընկերությունների, այլ որևէ ուսանողի, ում ստեղծած ինտերնետային էջը բավականին խոցելի է»։
«Արմինկոն» սպասարկում է մոտ 1000 կայք, և օգոստոսի սկզբի տվյալներով` հարձակումների է ենթարկվել մոտ 10 կայք։ Տեխնիկական տնօրենի խոսքով, հակերային գրոհների դեմ իրենք 2 ճանապարհ ունեն` դիմել պետական մարմիններին, որոնք կդիմեն Ինտերպոլին, Ինտերպոլը կդիմի այն երկրի իշխանություններին, որտեղ գրանցված է IP հասցեն, որպեսզի տեղի օպերատորը կասեցնի գրոհը։ Այս ճանապարհը բավականին ժամանակատար է, ուստի հիմնականում օգտագործվում է աշխարհում առավել ընդունված տարբերակը. անմիջապես կապվում են IP հասցեն տրամադրող տեղական ընկերության հետ՝ խնդրելով կասեցնել գրոհը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ